ԱՄՆ-ը պետք է լինի ուժեղ, այլապես նրա թուլությունից կարող են օգտվել Ռուսաստանն ու Չինաստանը։ Այս միտքը ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ է, որ երկուշաբթի ներկայացրեց նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով` ԱՄՆ-ը ժամանակակից աշխարհում դիմակայում է երկու «ռևիզիոնիստական» վարչակարգերի` Չինաստանին ու Ռուսաստանին, որ վնասում են ԱՄՆ-ի շահերին։ Թրամփը մանրամասնում էր` ինչպես է պատկերացնում Չինաստանի գլոբալ տնտեսական հավակնություններին դիմակայությունը, բայց քիչ խոսեց Մոսկվային դիմակայության կամ Մոսկվայի հետ համագործակցության մասին, թեպետ դրվատանքով արձագանքեց Վլադիմիր Պուտինի շնորհակալական զանգին Սանկտ Պետերբուրգում ահաբեկչությունները կանխելու օգնության համար։
«Մեր առաջ մրցակից պետություններ են` Ռուսաստանն ու Չինաստանը, որ ձգտում են մարտահրավեր նետել ամերիկյան ազդեցությանը, արժեքներին ու հարստությանը»` ասաց Թրամփը։ Մոսկվան ու Պեկինը շահագրգռված են, որ տնտեսությունը նվազ ազատ ու նվազ ազնիվ լինի, մեծացնի իր բանակը, վերահսկի տեղեկատվությունն ու ինտերնետ-տվյալները, որպեսզի վերահսկի հասարակական կարծիքն ու մեծացնի իր ազդեցությունը։ Ռուսաստանը, մասնավորապես, «ձգտում է վերականգնել իր մեծ տերության կարգավիճակը և սահմանել ազդեցության գոտիները իր սահմանների մոտ», նաև «օգտագործում է տեղեկատվական գործիքները` փորձելով խարխլել ժողովրդավարությունների լեգիտիմությունը»։ Թրամփի խոսքով` ԱՄՆ-ի անվտանգության նոր ռազմավարությունը 4 սյուների վրա է խարսխվում` դիմակայություն իսլամական ահաբեկչությանը և ներգաղթի վերահսկողություն, էներգետիկ ինքնուրույնություն, տնտեսական անվտանգություն, «անազնիվ առևտրական համաձայնագրերի վերանայում, հեղինակային իրավունքների պաշտպանություն», բանակի լիակատար նորացում, միլիոնավոր աշխատատեղերի ստեղծում պաշտպանության ոլորտում և «խաղաղություն` շնորհիվ ուժի», ԱՄՆ-ի ազդեցության մեծացում աշխարհում։
«Խաղաղություն` շնորհիվ ուժի» արտահայտությունը, ի թիվս այլոց, սիրում էին Հռոմի տիրակալ Ադրիանոսը և Ռոնալդ Ռեյգանը, որ հատուկ հարգանք ունի այսօրվա Սպիտակ տանը։ Թրամփը մի քանի անգամ կրկնեց իր նախընտրական կարգախոսը` «Ամերիկան ամենից առաջ» և միաժամանակ նշեց, որ ինքը դեմ չէ աշխատել ԱՄՆ-ի գործընկերների հետ, եթե նրանք գործընկերությունը չեն օգտագործում ԱՄՆ-ի նկատմամբ գերազանցություն ստանալու համար։
ВВС
Հ.Գ. Ֆիլիպ Ժելեն Le Figaro -ում գրում է, որ ԱՄՆ-ի անվտանգության նոր ռազմավարությունը Չինաստանին ու Ռուսաստանին գնահատում է մրցակիցներ։ Թրամփի աշխարհայացքը հետայսու նորմատիվ փաստաթղթի տեսք ընդունեց։ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսական ամրակայումն է նախագահի արտաքին քաղաքական որոշումների, որ մինչև հիմա գերադասում էր անկանխատեսելիությունը։ Ի հակադրություն իր նախորդների` Թրամփը անձամբ ներկայացրեց ռազմավարությունը` հիմնված չորս սյուների` տարածքի պաշտպանություն, ԱՄՆ-ի բարգավաճում, խաղաղություն և ԱՄՆ ազդեցության մեծացում։ Առաջին պոստուլատը շեշտը դնում է ներգաղթի վերահսկողության և սահմանների անվտանգության վրա` հաստատելով «ինքնիշխան իրավունքը` որոշելու, թե ով կարող է մեր երկիր գալ ինչ հանգամանքներում»։ Երկրորդը «տնտեսական անվտանգությունը ազգային անվտանգության աստիճանի է» բարձրացնում` շեշտը դնելով «արդար և փոխադարձ» առևտրական հարաբերությունների վրա, նաև պահպանելու ԱՄՆ-ի ունիկալ տեխնիկական նվաճումներն ու իննովացիաները` օտարերկրյա կողոպտիչներից, մասնավորապես` չինացի։
Երրորդ պոստուլատը հաստատում է «խաղաղության տարածումը ուժի միջոցով»` զինված ուժերի ու սպառազինության որակական ու քանակական ամրապնդման` հակահրթիռային պաշտպանությունն ուժեղացնելով ու միջուկային զենքը նորացնելով։ Վերջապես` «Ամերիկան նախ և առաջ» սկզբունքը չի նշանակում, որ ԱՄՆ-ը միակն է, բացահայտորեն նախապատվությունը տրվում է ոչ թե ավանդական ալյանսներին, այլ` կամավոր կոալիցիաներին։
Այս թշնամական աշխարհում, որտեղ յուրաքանչյուր երկիր մրցակցության մեջ է մյուսների հետ, ազգային անվտանգության ռազմավարությունը երեք կարգի վտանգներ է որոշարկում` «ռևիզիոնիստական տերություններ», «իզգոյ պետություններ», միջազգային ահաբեկչական և հանցավոր կազմակերպություններ։ «Ռևիզիոնիստներ» են Չինաստանն ու Ռուսաստանը, որ «մարտահրավեր են նետում ԱՄՆ-ի հզորությանը, ազդեցությանը և շահերին»` հաճախ «գործելով բացահայտ զինված կոնֆլիկտներից ու միջազգային իրավունքի սահմաններից դուրս»։ Չինաստանը որակվել է «ռազմավարական մրցակից», որ արժանի է ԱՄՆ քաղաքականության խստացման առևտրական անհավասարակշռության և տեխնոլոգիաների փոխանցման առումով, այնուհանդերձ, խորհուրդ է տրվում ձգտել համագործակցության Չինաստանի հետ հյուսիսկորեական դոսիեով։ «Իզգոյ պետություններ» են Իրանն ու Հյուսիսային Կորեան, բայց ազգային անվտանգության ռազմավարության մեջ չկա «կանխարգելիչ գործողություններ» հասկացությունը։ «ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները բոլոր անհրաժեշտ քայլերը կանեն» Փխենյանի դեմ` վստահեցնում է նախագահը։ Թրամփի դոկտրինում բացակայում են նաև այլ հասկացություններ` սպառնալիքների ցանկից անհետացել է գլոբալ տաքացումը, շրջակա միջավայրի աղտոտման դեմ բավարար պետք է լինեն «իննովացիաներն ու տեխնոլոգիական ճեղքումները»։ Գործողությունների որևէ ծրագիր չկա ժողովրդավարական ինստիտուտները կիբեռհարձակումներից և արտասանմանյան քարոզչությունից պաշտպանելու համար։
Չե՞ք կարծում, որ «Նախ և առաջ Ամերիկան», նոր աշխատատեղերի ստեղծումը, աշխարհում ԱՄՆ-ի ազդեցության մեծացումը այն երեք կետերն են, որոնց վրա հիմնվելու է ԱՄՆ-ի ամենապրագմատիկ ու ոչքաղաքական նախագահի հաղթանակը երկրորդ ժամկետում։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ